Խոսքի զարգացման նոր մեթոդը` հայերենով
Որդու խոսքի զարգացման խնդիրները Լենա Հարությունյանին ստիպեցին ձեռնամուխ լինել դժվարին մի գործի՝ հայաֆիկացնել օտարալեզու դիսկրետ վիդեո մոդելավորումը: 9-ամյա Նարեկը աուտիզմ ունի, հիպերակտիվ է և խոսքի զարգացման հապաղում ունի: Այցելությունները մասնագետներին շատ դանդաղ էին արդյունք ապահովում: Փնտրտուքները և օտար լեզվի իմացությունը օգնեցին Լենային գտնել դիսկրետ մոդելավորման հիմնադիրներին: Հետազոտելով մեթոդը՝ այն առաջին անգամ Լենան կիրառեց Նարեկի համար:
«Առաջին անգամ փորձեցի կիրառել իմ երեխայի վրա, բայց հետո, տեսնելով, որ բավականին լուրջ առաջընթաց ունենք, փորձեցի ընդհանրացնել և հայաֆիկացնել, որպեսզի օգնեմ մյուս հայ երեխաներին ևս»,- ասում է «Սովորեցրու ինձ ավելին (TMM) ուսուցման և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լենա Հարությունյանը:
Լենան արդեն տասը ամիս է` ուսումնասիրում է մեթոդը, բայց երեխայի հետ մոտ 7 ամիս է աշխատում: Լենայի խոսքով՝ այսօր արդյունքն ակնհայտ է՝ երեխան կրկնօրինակելու միջոցով վերարտադրում է լսածը: Նույնիսկ կարողացել են ակտիվացնել բառապաշարը այնպիսի բառերով, որոնք վիդեո մոդելավորման մեջ չկան:
Մեթոդը չի սահմանափակվում միայն աուտիզմով երեխաներին օգնելով. այն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ունեն խոսքի զարգացման, ճանաչողության խնդիրներ, սովորելու դժվարություններ:
Ինչպես աշխատել դիսկրետ վիդեո մոդելավորման մեթոդով
«Եթե երեխան ընդհանրապես չի խոսում, չի ճանաչում իր մարմինը, մենք ուսուցումը սկսում ենք մարմնի մասերից: Մարդն առաջին հերթին պետք է ճանաչի իրեն, այսինքն՝ սկսում ենք ինքնաճանաչումից: Հետո, երբ երեխան արդեն կունենա խոսք, անցնում ենք այլ մոդելի ուսուցման: Չի կարելի բոլոր մոդելները միանգամից լսել, այդպես արդյունավետ չէ: Պետք է մեկն ավարտել, յուրացնել, ապա միայն անցնել մյուսներին: Շատ լսելու դեպքում երեխան անպայման մի օր արտաբերելու է այդ բառերը. ամենաչխոսող երեխան անգամ կխոսի, եթե ծնողները հետևողական լինեն»,- սեփական փորձով կիսվում է Լենան:
Երբ երեխան տեսնում է պատկերը, այնուհետև լսում դրա արտասանությունը, զարգանում է արտաբերությունը: Կարևոր է, սակայն, իմաստային խոսքը, այլ ոչ թե մեխանիկական կրկնությունը. դա արդյունք չի տալիս: Մեթոդը կարող են կիրառել ոչ միայն հատուկ մանկավարժները, հոգեբանները, լոգոպեդները, այլ նաև ծնողները՝ տանը զբաղվելով երեխաների հետ:
«Ծնողներն էլ կարող են կատարել հատուկ մանկավարժի դեր, եթե գիտեն՝ ինչպես մոտենալ իրենց երեխային, ինչպես աշխատել, բայց ես կարևորում եմ մասնագետների դերը, որովհետև ամեն դեպքում նրանք սովորել են և փորձ ունեն: Եթե մեր հատուկ մասնագետները կարողանան աշխատել այս մեթոդով, շատ ավելի արդյունավետ կլինի»,- վստահեցնում է Լենա Հարությունյանը:
Նա որպես գործունեության հիմնական թիրախ ընտրել է մանկատները և ներառական կրթություն իրականացնող հաստատությունները, քանի որ հատկապես մանկատան սաների շփումը արտաքին աշխարհի հետ ավելի սահմանափակ է: Այդ երեխաներն ավելի քիչ վայրեր են հաճախում:
Հարցին, թե արդյոք Հայաստանում համապատասխան մասնագետների կարիք զգացվո՞ւմ է, զրուցակիցս պատասխանեց.
«Մասնագետների պակաս միշտ էլ լինում է, ուղղակի այսօր ես նաև նկատում եմ, որ միտում կա լավը լինելու. մեր մասնագետները բավականին աշխատում են իրենց վրա, փորձում են առաջխաղացում ունենալ իրենց գործում: Այսօր բավականին լուրջ առաջխաղացում եմ տեսնում մասնագետների, ինչը չէի ասի, օրինակ` 5-6 տարի առաջ»:
Մեթոդին ծանոթացնելու նպատակով հանրապետության տարբեր բնակավայրերում իրականացվում են ճանաչողական սեմինարներ, որոնց մասնակցում են ինչպես համապատասխան մասնագետներ, այնպես էլ մայրիկներ:
«Հայերեն ինչ-որ նյութեր գտնել համացանցում այսօր շատ բարդ է, իսկ այդ տեսանյութերը կարելի է օգտագործել ոչ միայն TMM-ի մեթոդով աշխատելու ժամանակ, այլ նաև ուղղակի լոգոպեդի աշխատանքի ընթացքում: Պարզապես պետք է ծնողներին խորհուրդ տալ, որ տանը լսեն, որովհետև երեխան շաբաթվա երկու օրը դպրոց չի հաճախում, գալիս է պարապմունքի մեկ ժամով, բայց օրվա 23 ժամը տանն է լինում»,- Disabilityinfo.am-ի հետ զրույցում ասում է հոգեբան-մանկավարժ Սեդա Ղումաշյանը:
«Այս սեմինարները կտևեն այնքան, մինչև հասկանանք, որ մասնագետները կարող են աշխատել այս մեթոդով և չեն սխալվի մայրերին խորհուրդներ տալիս»,- հավելեց նախաձեռնության հեղինակը:
Արդեն հայաֆիկացված է 20 դիսկրետ վիդեո մոդելավորում, որից 7-ն առկա են TMM կայքում: Լենայի խոսքով՝ հաջորդ քայլը լինելու է դիսկրետ մոդելավորման միջոցով մուզթերապիան և արտթերապիան, ինչն ավելի գրավիչ է երեխաների համար:
Գոհար Մովսիսյան