«Երեխան պարտավոր չէ համապատասխանել ծնողների սպասումներին»
Երեխաների կողքին, նրանց մասին հոգ տանելիս հիմնականում տեսնում ենք մայրերին, ինչը գուցե բնական է: Իսկ հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում ծնող ասելիս մեծ մասամբ հասկանում ենք կանանց, ով իր վրա է վերցնում ոչ միայն ընտանիքի կենցաղային հոգսերը, այլ նաև կրում է երեխայի զարգացմանն ու ներառմանն ուղղված ողջ պատասխանատվությունը: Քիչ չեն նաև դեպքերը, երբ ամուսինը լքում է ընտանիքը, երբ ծնվում է հաշմանդամություն ունեցող երեխան:
Սակայն այս հրապարակումը դրա մասին չէ. մեր զրուցակիցը «հատուկ պապաներից» է, ովքեր գուցե շատ չեն հանրայնացնում իրենց դժվարություններն ու հաջողությունները, սակայն իրենց երեխաների կողքին են և ամեն ինչ անում են, որ նրանք լիարժեք ընտանիքում մեծանան և դառնան հասարակության լիարժեք անդամ:
«Երբ Տիկոս երկուսուկես տարեկան էր, ես որոշ բաներ զգում էի: Բացի այդ, որոշ տեղեկություններ ունեի, այսինքն` ընդհանուր առմամբ տեղյակ էի խնդրից, գիտեի` ի´նչ է աուտիզմը, ու ընթացքում երեխային հետևելով ավելի էի համոզվում, որ, իրոք, խնդիրը կա: Նույնն էլ կինս: Ամենաբարդը հենց սկզբում էր. երեխային տարբեր մասնագետների մոտ ես տանում, մեկը մի բան է ասում, մյուսը՝ լրիվ հակառակը: Եղել է, որ մի կենտրոնում ասել են աուտիզմ է, հետո մեկ այլ կենտրոնում՝ որ չէ, չկա նման բան, ուղղակի երեխան յուրահատուկ է: Ոնց որ ալիքների վրա լինեիր՝ սկզբում հատակին ես՝ գիտակցելով, որ խնդիր կա ու բարդ խնդիր է, հետո՝ վերևում՝ մտածելով, որ գուցե խնդիրը էն չի, ինչ պատկերացնում ես: Բայց երբ վերջնականապես հաստատվեց, ես, ճիշտն ասած, հանգիստ էի, որովհետև նախ` հասկանում էի ու գիտեի խնդիրը, երկրորդ՝ ստերեոտիպներով ու տարբեր ֆոբիաներով չէի տառապում: Եթե կա խնդիր, ուրեմն պետք է լուծելու ուղիներ որոնել»:
Արդյոք ժամանա՞կ էր պետք, թե՞ որևէ այլ բան օգնեց փաստն ընդունելու համար.
«Փաստն ընդունելու համար ժամանակ պետք չեղավ, որովհետև կարծես արդեն պատրաստ լինեի էն սցենարին, որը էնքան էլ սրտովս չէր, բայց կարող էր լինել: Ու երբ ախտորոշումը եղավ, ռազմավարությունն արդեն մշակված էր: Չնայած էնպես չի, որ ամեն ինչ հարթ է գնում, բայց լրիվ Տիկոյիս վրա ենք կենտրոնացած: Մեզ օգնեց երևի թե իմ պրագմատիզմը: Էմոցիաներին հազվադեպ եմ տրվում»:
Այնուամենայնիվ, խանգարող հանգամանքներ էլ կային: Դրանց մասին խոսելիս Արմանը նշում է հասարակական տրանսպորտում մարդկանց ծուռ ու զարմացած հայացքները և հարազատների վերաբերմունքը.
«Ավելի հեշտ կլիներ, որ մարդիկ, հասարակությունը մի քիչ ավելի քիչ կաղապարված լինեին: Երևի մեր հարազատների շրջանում մենակ ես ու կինս ենք գիտակցում խնդրի ողջ լրջությունը: Մյուսներն անընդհատ ինչ-որ ոգևորող բառեր են ասում, չհասկանալով, որ դրանով ավելի շատ իրենք իրենց են հույս տալիս, քան մեզ: Մենք այդ հույսը ստանալու խնդիրը չունենք, որովհետև ես չեմ համարում, որ դա դժբախտություն է: Ուղղակի իմ երեխան ուրիշ է, բոլորին նման չէ, ու էդ փաստի հետ պետք է հաշտվել, օգնել նրան, ոչ թե անընդհատ ինքդ քեզ հետ կռիվ անես, թե ինչու երեխադ ուրիշներին նման չէ»:
Անդրադառնալով այն հարցին, որ միշտ մայրերն են ակտիվ պայքարում իրենց երեխաների համար, և շատ տղամարդիկ նույնիսկ թողնում են իրենց ընտանիքն ու հեռանում երեխայի պատճառով, մեր զրուցակիցը կարճ խոսեց.
«Այս հարցի պատասխանը թուլությունն է: Ես, իհարկե, «իսկական տղամարդ» և այլ էպիտետներին համաձայն չեմ, բայց էստեղ միայն պարզ պատասխանատվության մասին չէ հարցը, ավելի բարդ հարց կա. քո երեխան քո կյանքի իմաստն է, քո սերն է, քո ամեն ինչն է: Եթե դու պատրաստ ես նրան լքել դժվար պահին, ուրեմն՝ դու հեռու ես մարդ լինելուց»:
Ընտանիքին օգնելու համար Արմանն այժմ երեք տեղ է աշխատում և քիչ ժամանակ է կարողանում հատկացնել երեխաներին: Հանգստյան օրերին է նրանց հետ կարողանում լիարժեք շփվել: Նշում է, որ երեխաների հետ զբաղմունքի հիմնական մասը ու ձեռքբերումների 99 տոկոսը կնոջն են պատկանում:
«Ես հպարտանում եմ իմ կնոջ ուժով: Եթե նա այսքան ուժեղ չլիներ, ոչ մի բանի չէինք հասնի: Երբեք չի ընկրկում, ու միայն նրա սկզբունքայնության ու ջանքերի շնորհիվ է, որ ունենք ձեռքբերումներ: Իսկ ես ավելի շատ վայելում եմ հաջողությունները, օրինակ` այն պահը, երբ տուն եմ վերադառնում, տղաս գալիս, ձեռքով բարևում է»:
Այս տարի հուլիսին լրանում է Արմանի որդու՝ Տիգրանի 5-ամյակը: Այժմ նա մանկապարտեզ է գնում, մեզ հետաքրքրեց նաև դպրոց գնալու մասին հոր մտադրությունը: Արդյոք տղային տանելո՞ւ են դպրոց.
«Անպայման: Ես հասկանում եմ, որ սովորական դասարանում, որտեղ ներառում չկա, նպատակահարմար չի լինի, որովհետև անիմաստ կլինի. նախ` նորմալ վերապատրաստված ուսուցիչներ չեն լինի, երկրորդն էլ` արդյունավետ չի լինի: Բայց ներառական կրթությամբ դպրոց՝ անպայման գնալու է: Տղաս կգնա այն դպրոցը, որտեղ նրա կրթության համար անհրաժեշտ պայմաններ կլինեն»:
Ի՞նչ պետք է իմանա մայրը, ի՞նչ պետք է անեն կանայք, որպեսզի տղամարդիկ ավելի հեշտ կարողանան ընդունել խնդիրը և կարողանան միասին լուծումներ գտնել. մեր զրուցակիցը պարզ լուծումներ է առաջարկում.
«Կինը պետք է իմանա, ոչ թե ուղղակի զգա, որ ամուսինն իր կողքին է: Կանայք էլ պետք է ավելի ուժեղ ու նպատակասլաց լինեն, չհուսահատվեն, որովհետև եթե իրենք հուսահատվեն, ամեն ինչ կորած է: Թեև ամեն ինչ երկուսից հավասարապես է կախված. տղամարդն ավելի խոցելի կդառնա, եթե կինը էդ պահին իրեն չաջակցի, ու հակառակը: Իհարկե, մենք այս կարգի դժվարությունը պատրաստ ենք փոխարինելու այլ, թեկուզ ավելի մեծ, բայց երեխայի հետ կապ չունեցող բարդությունների հետ: Բայց դա ընդամենը գիտակցելու հարց է»:
Հայրերին, որ նոր են կանգնել խնդրի առաջ, Արմանն առաջարկում է նախ՝ իմանալ, լիարժեք հասկանալ, թե ինչ խնդիր է.
«Երկրորդ` պետք է գիտակցեն, որ իրենց երեխան պարտավոր չէ համապատասխանել իրենց սպասումներին ու պատկերացումներին: Երրորդ՝ ավելի համարձակ լինեն խնդիրները լուծելու հարցում, չփախչեն դրանցից, սեփական երեխայից: Այնպես չէ, որ իրենք մարդկային տեսակի գագաթնակետն են»: