Ծնողների ինքնագնահատականի մասին
Միշտ չէ, որ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ծնողների մեջ արտահայտված է ինքնագնահատականի խնդիրը։ Կան շատ ծնողներ, որոնք մեծ անձնային աճ, ինքնակատարելագործում և մասնագիտական առաջընթաց են ունեցել հենց իրենց երեխայի շնորհիվ, երեխայի համար։
Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխան չի կարող ծնողի ինքնագնահատականն իջնելու պատճառ լինել։ Եթե նկատվում է նման երևույթ, նշանակում է՝ դրա համար արդեն վաղուց հիմքեր են եղել, և երևույթն ուղղակի արտահայտվել է այդ ժամանակ։ Կարևոր է հասկանալ, թե ինչի համար է մարդը երեխա ունեցել, չէ՞ որ երեխաները լույս աշխարհ չեն գալիս նրա համար, որ իրականացնեն մեր սպասումները, մեր երազանքները։ Եթե մարդը երեխա ունենալու նշանակությունը այդպես է հասկանում, ապա լուրջ հակասություն կառաջանա իր սպասումների և իրականության միջև։
Երեխային ընդունելու և նրա հետ կյանքը լիարժեք ապրելու համար կարևոր է, թե ինչ արժեհամակարգ և աշխարհայացք ունեն ծնողները։ Ժամանակակից աշխարհը մեր առաջ բավական լուրջ խնդիրներ է դնում, հաշվի առնելով, թե որքան է արագացել և վնասակար դարձել հասարակ մարդու ամենասովորական առօրյան ու կենցաղը։ Բայց հենց այդտեղ անհրաժեշտ է մի պահ կանգ առնել ու մտածել. իսկ ո՞վ ասաց, որ մարդը պետք է փորձի համապատասխանել հասարակության պահանջներին։ Մարդու կողմնորոշիչ համակարգը պետք է իր ներսում լինի, ոչ թե դրսից պարտադրվող։
Եթե ծնողը զգում է, որ երեխայի խնդիրը սկսել է ինչ-որ կերպ անդրադառնալ իր ինքագնահատականի վրա, ապա այդ պահին լավ կլինի սկսի նայել իր ներսը՝ հասկանալու համար, թե ինչ փոփոխություններ պետք է անի ինքն իր մեջ, որն է իրականում իր խնդիրը։ Չէ՞ որ ինքնագնահատականը մեր ինքնագիտակցության մի մասն է։
Ցանկացած դժվարություն բերում է զարգացման։ Այն պահին, երբ մարդու համար ամենադժվար իրավիճակն է, նա աճում է, և դա բոլոր ոլորտներին է վերաբերում։
Որքան էլ լավ լինեն արտաքին պայմանները, այսինքն` տարբեր թերապիաներ, թանկարժեք սարքավորումներ երեխաների համար, ֆինանսական աջակցություն, եթե ծնողը չկարողացավ իր ներսը նայել, ապա չի կարող իսկական հարաբերություններ ձևավորել իր երեխայի հետ, ինչը երեխայի համար ամենակարևորն է և մյուս զարգացումների հիմքը։
Շատ հաճախ ծնողներն անտեսում են իրենք իրենց ՝ ոչ մի ռեսուրս չծախսելով իրենց վրա, որը նույնպես կարող է բերել հոգնածության, ուժերի սպառման։ Ծնողը կարող է գտնել մի բան, որն իրեն երջանկություն է պարգևում, և շաբաթը գոնե մեկ անգամ ժամանակ հատկացնել դրան։ Նախընտրությունները տարբեր են՝ մեկի համար դա մարմնամարզությունն է, մյուսի համար ՝ ընկերուհու հետ զրուցելը, երրորդի համար` ֆիլմ դիտելը և այլն։ Բայց կարևոր է, որ այդ պահին գիտակցվի, որ ես սա անում եմ ինձ համար, ես նույնպես խնամքի և հոգատարության կարիք ունեմ, եթե ինքս երջանիկ չլինեմ, ինչպե՞ս կարող եմ «սովորեցնել երջանիկ լինել»:
Եթե երեխան շաբաթը մի քանի թերապիաների կարիք ունի, ապա ծնողի համար կարող է բավարար լինել միայն շաբաթը մեկ անգամ հոգեբանին այցելելը, որտեղ իր մասին է հոգ տանում, իր պահանջմունքների մասին մտածում։
Հայաստանում դեռ նոր են զարգանում ծնողավարման դասընթացները, խմբերը, որոնք փորձում են օգնել ծնողին հասկանալու իրենք իրենց և իրենց երեխային։
Գրառումը՝ Զառա Ասկարյանի