Հեքիաթաթերապիա. երբ և ինչպես կիրառել
Հեքիաթաթերապիան արտթերապիայի ուղղություններից մեկն է, որն աշխատում է անգիտակցական և ենթագիտակցական մակարդակում գտնվող խորհրդանիշների միջոցով։ Այսինքն՝ հեքիաթի հերոսները, կենդանիները, ծառերը և բնության այլ երևույթներ հանդիսանում են խորհրդանիշներ, որոնց հետ անձը անցնում է ճանապարհ` վերջիններիս իրեն նմանեցնելով կամ նմանակելով: Այս դեպքում անձն ավելի հեշտությամբ է կարողանում խոսել, արտահայտվել, ավելի հեշտ է կարողանում կառուցել մտքեր, կարծիքներ, պլանավորել գործողություններ, քանի որ այն կատարում է հեքիաթի հերոսների անունից:
Թերապևտիկ հեքիաթները սովորաբար ունենում են հստակ կառուցվածք՝ սկիզբ, որի ընթացքում որոշվում է հեքիաթի ընդհանուր բնույթը, գագաթնակետ, որի ընթացքում տեղի են ունենում հիմնական խնդիրների հետ բախումները, և ավարտ, որը պարտադիր պետք է դրական ելք ունենա:
Այսպիսով, կիրառելով որոշակի գործողությունների պլան հեքիաթի հերոսների համար, անձը այդ մտքերը տեղափոխում է նաև իր ենթագիտակցություն և, իր կյանքում կիրառելով այդ պլանը, կարողանում է լուծել որոշակի խնդիրներ։
Հեքիաթաթերապիան միայն հեքիաթի ընթերցանությունը չէ, այլ նաև հեքիաթի ստեղծագործումը, փոփոխումը, շարունակումը, բեմադրումը և այլն։ Երեխայի խնդրից կախված՝ կիրառում ենք տարբեր տեսակներ։
Գոյություն ունեն նաև մասնագիտական հեքիաթներ, որոնք ծնողները կարող են փնտրել և գտնել համացանցում։
Հեքիաթների տեսակները
Ընդհանուր առմամբ հեքիաթները լինում են հեղինակային` ստեղծագործական և ժողովրդական` համընդհանուր։ Ստեղծագործական հեքիաթները` գրողների կամ ծնողների կողմից գրված, տանը կարող են կիրառել ծնողները։ Ժողովրդական հեքիաթների հեղինակը ժողովուրդն է, դրանք բնորոշում են այդ ժողովուրդների նիստուկացը, մտածելակերպը, որոնց նմանակները կարելի է գտնել տարբեր ժողովուրդների մոտ: Վերջիններս ևս կիրառվում են հոգեթերապիայում:
Եթե երեխան հաշմանդամություն ունի, այս դեպքում հեքիաթաթերապիան որոշակի առանձնահատուկ փոփոխություն չի կրում։ Միայն մտավոր խնդիրների դեպքում աշխատում են ընտրել ավելի պարզ հեքիաթներ:
Երբ կարելի է կիրառել հեքիաթաթերապիան
Հեքիաթաթերապիան խորհուրդ չի տրվում կիրառել միայն այն դեպքում, երբ կա իրականության հետ կապի կորստի խնդիր։ Օրինակ՝ շիզոֆրենիայի դեպքում այն կարող է ավելի սրել այդ իրավիճակը։
Այսպիսով, եթե, երեխան ունի, օրինակ` վախի խնդիր, գիշերը չի կարողանում քնել, քանի որ վախենում է, որ սենյակում կարող է լինել որևէ կենդանի, օրինակ՝ ոզնի, որը կարող է ծակել իրեն, ապա այս դեպքում ծնողը կարող է առաջարկել մի հեքիաթ, որը կօգնի հաղթահարելու այս վախը։ Օրինակ` եթե երեխայի սիրած կենդանին արջուկն է, առաջարկում են մի իրավիճակ, որտեղ գլխավոր հերոսը արջուկն է, իրավիճակը առավելագույնս մոտեցնում են իրականությանը: Դիցուք, եթե երեխան մեծ եղբայր ունի, ապա արջուկը նույնպես պետք է ունենա մեծ եղբայր, հայր ու մայր, այն կարևոր անձինք, որոնք առկա են երեխայի կյանքում։ Կարող են այնպես ձևակերպել, որ արջուկն ընկերանա ոզնու հետ, որ ոզնին ևս կարող է վախենալ և այդքան էլ չի տարբերվում արջուկից, նրանք կարող են գիշերով միասին որոշակի ճանապարհ անցնել, խաղալ, նայել լուսնին, աստղերին և այլն։ Այսինքն` երեխան, ընկերանալով իր վախի հետ, փորձում է այն հաղթահարել:
Սակայն դրական կողմերը նշելով հանդերձ` չպետք է մոռանալ բացասականի մասին, որ ոզնին կարող է ծակել (պահպանում ենք ամբողջականության սկզբունքը): Սա անհրաժեշտ է, որպեսզի երբ երեխան իրականում շփվի ոզնու հետ, այն կարող է իսկապես երեխային վնասել կամ հարցնել, թե ինչու էին իրեն ստել:
Հեքիաթը ոչ միայն լավ թերապևտիկ, այլ նաև ախտորոշիչ, զարգացնող, դաստիարակող մեթոդ է, որը կարող է կիրառել ոչ միայն մասնագետը, այլև ծնողը գրագետ հարցադրումների միջոցով: Հեքիաթների միջոցով հնարավոր է հասկանալ երեխայի դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ, նրա արժեհամակարգը, վախերը, անհանգստությունները, դրդապատճառները և այլն: Կարող են երեխային ուղղորդել, բացատրել, թե ինչ կարող է լինել այս կամ այն դեպքում (օրինակ` եթե ինքն էլ հետևի այդ հերոսի արարքներին)՝ երեխային ընտրության հնարավորություն տալով:
Գրառումը՝ Զառա Ասկարյանի