Խոսեք երեխայի հաշմանդամության մասին
Շատ ծնողներ խուսափում են խոսել իրենց երեխայի հաշմանդամության մասին, մտածելով, թե այդկերպ կկարողանան խուսափել իրականությունից: Լռությունը, սակայն, չի կարող փոխել իրականությունը, ուստի պետք է խոսել: Երեխայի հաշմանդամության մասին լռելով, նրան հասարակությունից թաքցնելով` որևէ լավ արդյունքի չեք հասնի: Պետք է խոսել, քանի որ դա մարդկանց կօգնի ճիշտ հասկանալու և ընդունելու ձեր երեխային: Սակայն ինչպե՞ս խոսել, ո՞ւմ հետ, որքա՞ն ինֆորմացիա տալ….
Ինչո՞ւ խոսել երեխայի հաշմանդամության մասին
Երեխան ձեր կյանքի մի մասն է, ու ձեզ շրջապատող մարդիկ պետք է իմանան, թե որն է խնդիրը: Որքան շատ տեղեկացված լինեն ձեր և երեխայի մասին, այնքան հեշտ կլինի աջակցել ձեզ: Ընկերների ու հարազատների հետ խոսելը կօգնի լիարժեք զգալու և ընդունելու իրականությունը:
Զուգընկերոջ հետ զրույցները կօգնեն հաղթահարելու վախը, անօգնականության զգացումն ու կնպաստեն հարաբերությունների պահպանմանը: Եթե ընտանիքում ուրիշ երեխաներ կան, լսեք նրանց, նրանց հետ ևս խոսեք ձեր հաշմանդամություն ունեցող երեխայի մասին: Նրանք ընտանիքի անդամ են, բացի այդ, երեխա են ու աջակցության կարիք ունեն:
Մարդկանց հետ խոսելը կարող է դժվար լինել
Որևէ մեկը չի ասում, թե երեխայի հաշմանդամության մասին խոսելը հեշտ է: Բարդ է, և դա նորմալ է: Պատճառները կարող են տարբեր լինել:
- Դուք դեռևս խնդիրն ընկալելու, դրան համակերպվելու փուլում եք:
- Դեռ պատրաստ չեք խոսելու: Գուցե ցանկանում եք նախ ինքներդ հասկանալ, ընդունել ու համակերպվել իրականության հետ:
- Ցանկանում եք դրական տրամադրվել, բայց բարդ է դրան հասնել:
- Վախենում եք ձեր զգացմունքներից:
- Չեք ցանկանում մարդկանց տեղեկացնել երեխայի խնդրի մասին, որպեսզի խուսափեք հնարավոր հարցերից:
- Անհանգստանում եք, թե մարդիկ ինչպես կարձագանքեն:
- Ձեզ թվում է, թե հարկ եղածից ավելին կասեք:
- Կարող է թվալ, թե երեխան վատ վերաբերմունքի կարժանանա, եթե մարդիկ իմանան նրա հաշմանդամության մասին:
- Գուցե խուսափում եք հնարավոր խղճահարությունից:
- Հնարավոր է` փորձեք պաշտպանել երեխային` իր մասին նրան տրվելիք հնարավոր հարցերից:
- Թեև ընտանիքում չեն բարձրաձայնում, բայց ամաչում են հաշմանդամություն ունեցող երեխայի առկայությունից և այլն:
Երբ խոսել, ում հետ և ինչ ասել
Երբ
Նորմալ է, եթե ձեզ ժամանակ է հարկավոր փաստն ընդունելու համար: Պարտադիր չէ, որ մարդիկ անմիջապես տեղեկանան: Անգամ այն դեպքում, երբ արդեն սկսել եք խոսել, կարող եք կանգ առնել: Նորմալ է, եթե ասեք, որ նախընտրում եք ավելի ուշ վերադառնալ թեմային: Որևէ մեկը ձեզ դատելու իրավունք չունի:
Ում հետ
Վաղ թե ուշ պետք է խոսեք: Երեխայի մանկապարտեզի կամ դպրոցի մասնագետները պետք է տեղյակ լինեն, թե ինչ մոտեցում է անհրաժեշտ: Ընտանիքի անդամներն ու ընկերներն էլ, հավանաբար, օգնելու, աջակցելու ցանկություն կունենան ու պետք է տեղյակ լինեն, թե ինչպես:
Երբ խոսքը կողմնակի մարդկանց մասին է, ինքներդ պետք է որոշեք, թե ում և հատկապես ինչ ասեք:
Ինչ ասել
Դուք պարտավոր չեք երեխայի հաշմանդամության բոլոր մանրամասները բոլորին պատմել: Այնքան ինֆորմացիա տվեք, որքան հարկ եք համարում: Օրինակ` այն մարդկանց, ում հազվադեպ եք հանդիպում, քաղաքավարության համար կարող եք միայն հիմնական տեղեկություններ տալ:
Կարող եք նախապես որոշել, թե ում ինչ եք պատմելու: Կարող եք խորհրդակցել մտերիմների հետ: Այդպես կարող եք ձեր կողակցի կամ ընտանիքի մյուս անդամների հետ կիսել երեխայի հաշմանդամության մասին մարդկանց տեղեկացնելու պատասխանատվությունը:
Ուշադիր եղեք, քանի որ ձեր տված ինֆորմացիան է, որ հիմք է ծառայելու մարդկանց` երեխայի նկատմամբ ունեցած վերաբերմունքին: Առաջնահերթ երեխայի ուժեղ կողմերի, ընդունակությունների մասին խոսելով` շրջապատի մարդկանց էլ կստիպեք տարանջատել նրան իր ունեցած հաշմանդամությունից, դիտարկել որպես անհատ, նրա մեջ տեսնել մարդուն, ոչ թե հաշմանդամությունը:
Ինչպես խոսել այս կամ այն մարդու հետ
Դուք և ձեր զուգընկերը կարող եք տարբեր հայացքներ ունենալ երեխայի հաշմանդամության վերաբերյալ: Դա նորմալ է: Այդ տարբերությունն ընդունելը կնպաստի ձեր հարաբերությունների ամրությանը: Զգալով, որ ընկալվում ու ընդունվում են դիմացինի կողմից, մարդիկ ավելի ջանասիրաբար են աշխատում: Նրա տեսակետն ընդունելով` կկարողանաք խուսափել տարաձայնություններից ու ավելի մտերմանալ: Դա կօգնի հաղթահարելու սթրեսն ու համակերպվել այն փոփոխությունների հետ, որ հաշմանդամություն ունեցող երեխան կբերի ձեր առօրյա:
Ձեր զգացողությունների մասին խոսելով` կարող եք ավելի լավ հասկանալ միմյանց: Ինչ էլ լինի, խոսեք, քանի որ նա էլ հավասարապես ծնող է ու պետք է խնամի երեխային, տեղյակ լինի իրավիճակին:
Առանց մեկը մյուսին դատելու փորձեք աջակցել միմյանց: Ցույց տվեք, որ լսում եք ձեր զուգընկերոջը, որ հասկանում եք նրան, որ պատրաստ եք օգնելու:
Շատ կարդացեք, ավելի շատ ինֆորմացիա հավաքեք ձեր երեխայի հաշմանդամության, նրա կարիքների ու խնամքի մասին: Աշխատեք, որպեսզի խնդիրներից ձեր անձնական կյանքը չտուժի:
Ձեր մյուս երեխաների հետ խոսելիս հաշվի առեք նրանց տարիքը, սեռը, բնավորությունն ու ըստ այդմ համապատասխան մոտեցում ցուցաբերեք: Նրանք կարող են հարցեր ունենալ իրենց քրոջ/եղբոր հաշմանդամության, նրա հետ շփման վերաբերյալ: Կարևոր է, որ ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում նաև` երեխաները, շփվեն հաշմանդամություն ունեցող երեխայի հետ: Պատասխանեք երեխաների բոլոր հարցերին, բայց այնպես, որ մատչելի լինի: Մի խուսափեք խոսել առկա ու հնարավոր խնդիրների մասին: Նրանք պետք է պատրաստ լինեն հնարավոր զարգացումներին:
Ձեր երեխաներին լսելիս առանց քննադատելու կամ մեղադրելու ցույց տվեք, որ նրանց զգացողությունները, վախը կամ անհանգստությունը նորմալ են: Կարող եք ձեր զգացողություններով ևս կիսվել, քանի որ այդպես նրանք կհասկանան, որ միայնակ չեն, և որ ծնողներն աջակցում են:
Ձեր օրինակով ու նաև զրուցելիս երեխաներին սովորեցրեք, որ հաշմանդամություն ունեցող անձանց հետ ավելի համբերատար պետք է լինել, որովհետև այլ կերպ հարաբերությունները կարող են տուժել: Կարող եք, օրինակ` ասել, որ քրոջ/եղբոր հետ խաղալիս հարկավոր է ավելի համբերատար լինել, քանի որ որոշ գործողություններ նա ավելի դժվարությամբ է կատարում:
Հիշեք, որ դուք նման խնդիրներ ունեցող միակ ծնողը չեք, և, համացանցն օգտագործելով, կարդացեք այն ծնողների գրառումները, ովքեր արդեն իսկ շրջանցել են այն փուլը, որում հիմա դուք եք գտնվում:
Ձեր ընտանիքն ու ընկերները լավագույնս կարող են աջակից լինել: Երեխայի հաշմանդամության մասին տեղեկանալով` նրանք վերջինիս հետ ավելի լավ կկարողանան շփվել: Նրանց աջակցությունը կօգնի հաղթահարելու վախն ու անհանգստությունը, որ հնարավոր է ունենաք:
Նորմալ է, որ ձեր ընտանիքի անդամներն ու ընկերները հաշմանդամության մասին բավարար գիտելիքներ չունենան: Որևէ մեկը դրա համար մեղավոր չէ. խոսեք ու կիսվեք ձեր գիտելիքներով: Երեխայի խնդիրներից բացի խոսեք նաև նրա կարիքների մասին, որպեսզի նրա հետ շփվելիս մտերիմները բարդություն չունենան: Տեղեկացրեք, թե երեխան ինչով է սիրում զբաղվել, ինչ խաղեր է նախընտրում խաղալ, ինչ գրքեր, մուլտեր են նրան հետաքրքրում:
Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր անկախ ձեր տրամադրած տեղեկություններից, չեն կարողանա համապատասխան վերաբերմունք ցուցաբերել: Հանգիստ թողեք այդ մարդկանց ու առաջ շարժվեք:
Հաշմանդամություն ունեցող այլ երեխաների ծնողների հետ շփումը շատ օգտակար կարող է լինել: Նրանց փորձին ծանոթանալով, նրանց ունեցած վերելքներն ու վայրէջքները, կողմնակի մարդկանց հետ շփման փորձը կարող են օգնել ձեզ ավելի հեշտ հաղթահարելու իրավիճակը:
Մանկապարտեզում կամ դպրոցում երեխայի հետ աշխատող մասնագետները պետք է ճշգրիտ ու ամբողջական ինֆորմացիա ունենան նրա մասին: Հնարավոր է` հարկ լինի պարբերաբար խոսել նրանց հետ, գուցե նաև ծանոթացնել երեխայի հետ զբաղվող այլ մասնագետների հետ, որպեսզի կրթական պրոցեսը հնարավորինս հարմարեցվի երեխայի կարիքներին:
Շատ կարևոր է խոսել նաև դպրոցի կամ մանկապարտեզի սաների հետ: Նրանք օրվա մի մասը ձեր երեխայի կողքին են ու պետք է իմանան, թե ինչպես շփվել: Բայց մի բանում կարող եք վստահ լինել. երեխաներն իրենց ներսում ներառման խնդիր չեն ունենում:
Աղբյուրը` raisingchildren.net.au