accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | ikin.am հարթակի համակարգող

Սեռական կրթության անհրաժեշտությունը, երբ երեխան մտավոր խնդիրներ ունի

0

Սեքսի, սեռականության մասին գիտելիքների կարիք ունեն բոլոր երեխաներն ու դեռահասները: Մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ բոլորի պես սեքսուալ մտքեր, ցանկություններ, հայացքներ, զգացողություններ ու պատկերացումներ ունեն:

Երբ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ արտահայտում են իրենց սեռականությունը, դա մյուսների կողմից որպես «խնդիր» է ընկալվում: Թեև մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ մյուսների համեմատ առավել հաճախ են բախվում անցանկալի հղիության, նրանք սեռավարակներ ստանալու և փոխանցելու ռիսկային գոտում են, ենթարկվում են սեռական շահագործման, նրանց սեռական դաստիարակությունը թերի է մնում, ու շատ ծնողներ պատշաճ ուշադրություն այդ հարցին չեն նվիրում:

Կարևոր է, որ բոլոր երիտասարդները կրթված լինեն սեքսի վերաբերյալ և հնարավորություն ունենան բացահայտելու, վայելելու և դրսևորելու իրենց սեքսուալությունը դրականորեն:

Սեքսուալ զարգացում

Մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց մեծ մասի սեռահասունացման տարիքը նույնն է, ինչ մյուսների դեպքում, նրանք նույն հորմոնալ ու ֆիզիկական փոփոխություններն են կրում, ինչ մյուսները: Անհրաժեշտ ցուցաբերել անհատական մոտեցում, աջակցել և ավելի խորը, բայց միևնույն ժամանակ ավելի մատչելի գիտելիքներ տրամադրել: Օրինակ, կարող են կարևոր լինել «հանրային» և մասնավոր» կոնցեպտները և պարզաբանել, թե որ վարքագիծը որտեղ է նպատակահարմար կիրառել։

Պետք է նկատի ունենալ, որ մտավոր խնդիր ունեցող յուրաքանչյուր դեռահաս ինքը կարող է հուշել, թե որքան մատչելի պետք է լինի նրան տրվելիք ինֆորմացիան:

Սեռական վնասի բարձր ռիսկայնություն

Մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ բնակչության մյուս խմբերի համեմատությամբ ավելի շատ են ենթարկվում շահագործման, այդ թվում՝ սեռական բռնության: Առանց բավարար սեքս կրթության և պաշտպանողական վարքի ընկալման, նրանք կարող են հայտնվել սեռավարակների և չպլանավորված հղիության ռիսկային խմբում։

Վտանգի ենթարկվելու ռիսկը մեծացնող գործոնները մի քանիսն են.

  • Սեռական խնդիրների մասին գիտելիքների պակասը
  • Սեքսի մասին սխալ տեղեկատվությունների ստացումը ոչ հավաստի աղբյուրներից
  • Սեփական մարմնում կատարվող փոփոխությունները չընկալելը
  • Շրջապատի օգնությունից կախված լինելը և նրանց վստահելը
  • Զիջողականությունը նրանց հանդեպ, ում աջակցության կարիքը կա
  • Ինքնավստահության բացակայությունը
  • Գերպաշտպանված կենսակերպը և սահմափակված սոցիալական շփումները

Ի՞նչը կարող է ծնողներին կամ խնամակալներին խոչընդոտել սեռական դաստիարակության հարցում

Ընդհանուր որոշ պատճառներով շատ ծնողներ ու խնամակալներ կարող են բաց թողնել երեխայի սեռական դաստիարակության պահը.

  • Տարածված կարծիք կա, թե մտավոր խնդիրներ ունեցող դեռահասները սեքսի մասին գիտելիքների կարիք չունեն, քանի որ նրանք միշտ «երեխա» են մնալու և սեռահասունություն չեն ապրելու:
  • Շատ ծնողներ կարծում են, թե թեմային տեղյակ լինելը կարող է նպաստել պրակտիկ գործողություններին կամ անցանկալի հղիությանը: Նրանք հույս ունեն, թե չիմացությունն իրենց երեխաներին հետ է պահում սեռական ցանկությունից: Իրականում ճիշտ հակառակ երևույթն է տեղի ունենում:
  • Որոշ ծնողներ կարծում են, թե բարդ է սեքսի մասին խոսել ու առավել բարդ կլինի մտավոր խնդիրներ ունեցող անձի դեպքում:
  • Ծնողներ էլ կան, ովքեր փորձել են թեման շոշափել, բայց սխալ տարբերակ ընտրելով` չեն կարողացել երեխային պատշաճ ու հասանելի ինֆորմացիա տրամադրել: Անհաջող փորձերը կարող են հետ պահել նրանց:
  • Շատերին կարող են խանգարել ազգային ավանդույթներն ու կարծրատիպերը: Ոչ բոլոր ընտանիքներում են ծնողները երեխաների հետ սեքսի մասին խոսում:
  • Ծնողները կարող են հույսը դպրոցի վրա դնել ու տանը չանդրադառնալ այդ հարցին:

Գիտելիքների տրամադրման ընդհանուր բարդություններ

Որևէ մեկը չի ասում, թե հեշտ է մտավոր խնդիրներ ունեցող դեռահասին սեքսի մասին գիտելիքներ տալը: Որևէ մեկը չի ասում, թե բոլոր ծնողները պատրաստ են ու գիտեն, թե ինչպես անել: Ընդհանուր դժվարություններ կան, որ հանդիպում են ծնողներից շատերին.

  • Առավել դանդաղ տեմպով կրթելը
  • Հաղորդակցության խնդիրներ
  • Գրագիտության սահմանափակ հմտություններ
  • Աբստրակտ մտածողության և ըմբռնման դժվարություններ
  • Անհանգստությունը՝ առնչվող կենսափորձին:

Սեռական կրթության ասպեկտները

Եթե սեռական դաստիարակության իդեալական մոդելի մասին խոսենք, ապա այն պետք է տեղեկություններ պարունակի.

  • Ինքնագնահատականի
  • Հարաբերություններ զարգացնելու և պահպանելու սոցիալական հմտությունների,
  • Հանրային և մասնավոր մարմնի մասերի, վայրերի և վարքի
  • Տարբեր տեսակի հարաբերությունների
  • Անձնական անվտանգության- պաշտպանիչ վարքագծի
  • Հարաբերությունների հաղթահարման կամ մերժման
  • Սեքսի և հարաբերությունների, այդ թվում` ամուսնության
  • Սեռական հասունության ժամանակ ֆիզիկական ու զգայական փոփոխությունների
  • Նույնասեռականության
  • Դաշտանի
  • Վերարտադրողական ֆունկցիայի
  • Տեղին ու անտեղի սեռական դրսևորման
  • Սեռավարակների
  • Անվտանգ ու ապահով սեքսի
  • Ձեռնաշարժության
  • Բեղմնականխման մասին:

Սեռական դաստիարակության առավելությունները

Մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների համար սեռական դաստիարակության առավելություններից են.

  • Սոցիալական հմտությունների ավելացումը
  • Բարձր ինքնագնահատականը
  • Ինքնուրույնությունը
  • Սեռականության հանդեպ ունեցած պատասխանատվության ավելի մեծ զգացումը
  • Սեռական բռնության, սեռավարակների և անցանկալի հղիության ռիսկի նվազեցումը
  • Վարքագծի փոփոխությունը
  • Առողջ ընտրությունը
  • Ռիսկային վարքագծի նվազեցումը:

 Սեռական դաստիարակության ճիշտ ժամանակը

Առաջարկները ներառում են.

  • Երեխան երբեք փոքր չէ մարմնի մասերի անուններն իմանալու, «հանրայինը» և «անձնականը» տարբերակելու համար:
  • Ծնողները պետք է հետևեն, թե երեխաները ե՛րբ են սկսում հետաքրքրություն ցուցաբերել սեքսի նկատմամբ. օրինակ` եթե ֆիլմում համբույրի տեսարանի ժամանակ սկսում են հարցեր տալ:
  • Սեռական դաստիարակությունը ենթադրում է շարունակական գործընթաց, այն մեկանգամյա զրույց չէ: Դեռահասները պետք է մի թեմայից մյուսին անցնեն, պետք է յուրացնեն ինֆորմացիան: Երբեմն դա կարող է երկարատև գործընթաց լինել, քանի որ հատկապես մտավոր խնդիրներ ունենալու դեպքում երեխաները մատչելի ինֆորմացիայի կարիք ունեն:

Հիշել

  • Հաճույք ստանալու, սեռական ցանկություններն արտահայտելու և առողջ ապրելակերպի համար բոլոր դեռահասները մարդկային շփման, սեռական դաստիարակության կարիք ունեն:
  • Սեռական դաստիարակությունը կարող է նվազեցնել բռնության, անցանկալի հղիության, սեռավարակների ռիսկը:
  • Ճիշտ ժամանակ ընտրեք թեմային անդրադառնալու համար: Երեխան ինքը ձեզ կհուշի, թե երբ է պետք գործի անցնել:
  • Չափազանց լուրջ մի՛ եղեք:

Աղբյուրը՝ betterhealth.vic.gov.au

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.