accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | ikin.am հարթակի համակարգող

Տեսողության խնդիր ունեցող երեխայի հետ ժամանցն անցկացնելու 10 տարբերակ

0

Տեսողության խնդիր ունեցող երեխաները բոլորի նման հետաքրքիր ժամանցի կարիք ունեն։ Դպրոցից և երկար պարապմունքներից հետո ընտանիքի, ընկերների հետ օրվա մնացած մասն անցկացնելը և՛ օգտակար է նրանց համար, և՛ հետաքրքիր։

Առաջարկում ենք ժամանցի 10 տարբերակ, որ կարող են հետաքրքրել ձեր երեխային։

Զբոսայգի: Կանաչապատ զբոսայգին կամ խաղահրապարակը հիանալի տարբերակ է ձեր երեխայի ժամանցը կազմակերպելու համար։ Խաղահրապարակում նա կարող է շփվել հասակակիցների հետ, խաղալ ավազով կամ պարզապես մաքուր օդ շնչել։ Աշխատանքից հետո կամ ազատ օրերին ժամանցի այս տարբերակը նոր էներգիա կհաղորդի նաև ձեզ։

Լողավազան: Ամռան ամիսներին լողավազանը հենց այն է, ինչ հարկավոր է երեխաներին։ Ջրային ժամանցը հարմար տարբերակ է տեսողության խնդիր ունեցող երեխաների համար։ Միայն պատկերացրեք, թե որքան հաճելի կլինեն ջրի մեղմ ալիքները ձեր երեխային։ Առիթն օգտագործեք խթանելու նրա ինքնուրույնությունը։ Եթե երեխան արդեն լողալ գիտի, ապա մենակ թողեք ջրում, հետևեք, թե ինչպես է դուրս գալիս լողավազանից, գտնում ձեզ։ Ջրում կարող եք նաև գնդակով խաղեր խաղալ, զարգացնել երեխայի կողմնորոշվելու հմտությունները։

Այգեգործություն: Հնարավորության դեպքում կարող եք երեխայի հետ այգեգործությամբ զբաղվել։ Օրինակ՝ նրա հետ ծաղիկներ ցանեք, դրանք խնամելու օրակարգ մշակեք։ Թողեք, որ նա ինքնուրույն պարարտացնի հողը, տնկի բույսը ու ջրի։ Այգու բացակայության դեպքում կարելի է տնային բույսեր մշակել։ Այս տարբերակը թե՛ թերապիա է, թե՛ բույսերի մասին նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն։

Ֆերմա: Ֆերմա այցելելը հետաքրքիր և տպավորիչ կլինի ձեր երեխայի համար։ Կենդանիների հետ անմիջական շփումը էներգիայի աղբյուր լինելուց բացի կարող է ճանաչողական դառնալ նրա համար։ Կենդանիներին շոշափելով ճանաչել, նրանց կերակրել, խաղալ…

Թանգարան: Թանգարաններում հիմնականում արգելվում է ցուցանմուշներին դիպչել։ Եթե գտնեք այնպիսի թանգարան, որտեղ կարելի է ցուցադրված նմուշներին ձեռք տալ, ապա այնտեղ այցն ավելացրեք ձեր և երեխայի առաջիկա պլաններում։

Խոհանոց: Գուցե ձեզ թվա, թե խոհանոցում տեսողության խնդիր ունեցող երեխան սուր կտրող գործիքներից վնասվելուց բացի ոչինչ անել չի կարող, բայց այդպես չէ։ Միասին ինչ-որ բան թխելը հիանալի տարբերակ է հաճելին օգտակարի հետ համատեղելու համար։ Բացի այն, որ ձեր երեխան կկարողանա զարգացնել մոտորիկան, հետաքրքիր ժամանակ անցկացնել ձեզ հետ, նա կարող է նաև զգալ, որ օգտակար է ընտանիքին։ Նրա հետ պատրաստած թխուկները հյուրասիրեք ընտանիքի մյուս անդամներին, հյուրերին ու շեշտեք, թե ով է պատրաստել դրանք։

Շոշափելու գրքեր: Գրախանութներում քիչ չեն նմանատիպ գրքերը, բայց սեփական ձեռքերով պատրաստվածն այլ է։ Տանը եղած մանր-մունր իրերով կարելի է հետաքրքիր գիրք պատրաստել։ Միասին հնարեք կերպարներ, պատրաստեք դրանք և սոսնձեք թղթերին։ Կարելի է օգտագործել կոճակներ, փայլաթիթեղ, օգտագործված մատիտներ, կտոր և այլն։

Պարեր: Երաժշտությունը լիցքաթափվելու արագ, հեշտ տարբերակներից թերևս լավագույնն է։ Հավաքեք ընտանիքի անդամներին և բոլորով պարի երեկո կազմակերպեք, կարող եք նաև համեղ պարգևատրել լավագույն պարողին։ Նման երեկոներ կարելի է կազմակերպել նաև ձեր երեխայի ընկերների հետ։ Լավ առիթ կլինի հասակակիցների հետ հարաբերությունները զարգացնելու համար։

Երաժշտական գործիք: Եթե նկատում եք, որ ձեր երեխան անտարբեր չէ երաժշտության նկատմամբ, միասին գնացեք երաժշտական գործիքների խանութ։ Թույլ տվեք, որ ինքնուրույն ընտրի, թե որ գործիքով է ցանկանում նվագել։ Հնարավորության դեպքում համապատասխան խմբակ հաճախելը հետաքրքրությունների շրջանակը լայնացնելու լավ տարբերակ է։

Փազլ: Ո՞վ չի սիրում փազլ։ Փորձեք միասին փազլ հավաքել։ Սկսեք մեծ կտորներով պատկերներից, մինչ երեխան կհմտանա։ Շոշափելով նա կարող է հավաքել պատկերը, որը նախապես կներկայացնեք նրան։ Բացի այդ, կարող եք օնլայն խանութներից գտնել տակտիլային փազլներ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.