Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնություն ստանալու արտոնությունները սահմանված են ըստ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության համապատասխան որոշումների:
Հաշմանդամություն ունեցող անձանց երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում: Նրանք իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում և դեղատներում առաջնահերթ կարգով սպասարկման, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր և մասնագիտացված տիպի առողջարաններում՝ առողջարանային բուժմամբ:
ԲԱՓՀ-ի եզրակացության համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց առողջարանային բուժման ուղեգրեով ապահովումը կատարվում է անվճար:
(«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք):
Հաշմանդամություն ունեցող երեխաները ըստ դեղատոմսերի ապահովվում են դեղորայքով անվճար, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից: Նրանք իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում և դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ:
Մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաներն ընդգրկված են ՀՀ Կառավարության 2004 թ. մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ սահմանված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում և օգտվում են ցանկում ընդգրկված խմբերի համար համապատասխան կարգով սահմանված բոլոր արտոնություններից:
Պետական պատվերի շրջանակներում իրականացվում է մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժօգնությունը, վերականգնողական և առողջարանային բուժումը, դժվարամատչելի հետազոտությունների իրականացումը և դեղերով ապահովումը: Պետական պատվերի շրջանակներում իրականացվում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների օրթեզավորումը և կորսեթավորումը:
18 տարեկան երեխաները բոլոր ծառայությունների մասով ազատված են համավճարից: Համավճարը բժշկական օգնություն և սպասարկում ստացողի կողմից իրականացված ուղղակի վճարումն է բժշկական ապրանքների կամ ծառայությունների այն արժեքի համար, որը ներառված չէ գնի մեջ, կամ բժշկական ծառայության իրական արժեքի և պետության կողմից սահմանված գնի տարբերությունն է, որը վճարվում է բուժօգնություն ստացողի կողմից:
Պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն և սպասարկում տրամադրում են բոլոր այն բուժկազմակերպությունները, անկախ սեփականության ձևից, որոնք ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքել են «Պետական պատվերի շրջանակներում բնակչությանը անվճար բուժօգնություն և սպասարկում մատուցելու մասին» պայմանագիր:
Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման շրջանակներում ՀՀ-ից դուրս բուժման ուղեգրումը իրականացվում է միայն ճանապարհածախսի մասով: Հիվանդին և ուղեկցողին տրամադրվում են օդանավի (մեկնումի և վերադարձի) տոմսեր՝ առանց տվյալ երկրում բուժման ծախսերի փոխհատուցման:
ՀՀ-ից դուրս բուժման ուղեգրումն իրականացվում է միայն ԱՊՀ երկրներ: Ճանապարհածախսի փոխհատուցումը և ուղեգրման կարգն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով (ՀՀ ԱՆ 2012 թ. հունվարի 17-ի թիվ 30-Ա հրաման):
Մանրամասները կարող եք գտնել ՀՀ առողջապահության նախարարության կայքում։
Թեժ գիծ։ (+374 10) 52-88-72
Էլ. փոստ։ hotline@moh.am