accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Բոլորակ

«Բոլորակը» հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար նախատեսված հարթակ է, որի ստեղծմանը մասնակցում են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, կրթության, առողջապահության, սոցիալական և այլ ոլորտների մասնագետները և շահագրգիռ այլ անձինք:

Ի՞նչ է մանկական ուղեղային կաթվածը

0

Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) դժվարացնում է մարմնի մկանների վերահսկողությունը: Այն ի հայտ է գալիս կյանքի առաջին տարիներին:

ՄՈՒԿ-ը ազդեցություն է ունենում ոչ թե մկանների կամ նյարդերի, այլ ուղեղի վրա, որի հետևանքով առաջանում է շարժումներն ու կեցվածքը ճիշտ վերահսկելու և կառավարելու դժվարություն, ուստի ՄՈՒԿ ունեցող երեխաները դժվարանում են ճիշտ օգտագործել մարմնի որոշ մկանները: Երեխաները ունենում են փոքր շարժումներ կատարելու դժվարություն, ինչպես, օրինակ՝ գրելու կամ մկրատով կտրելու, դժվարանում են պահպանել հավասարակշռությունը կամ քայլել, չեն կարողանում կառավարել ձեռքերի ոչ կամային շարժումները կամ թքարտադրությունը:

ՄՈՒԿ-ի ծանրության աստիճանը տարբեր է յուրաքանչյուր երեխայի մոտ: Որոշ երեխաներ ունենում են թեթև դժվարություններ, մինչդեռ մյուսները կարող են ունենալ բավական ծանր բարդություններ և երկրորդական խնդիրներ, այն է՝ ցնցումներ կամ մտավոր զարգացման դժվարություններ:
ՄՈՒԿ-ը առաջանում է գլխուղեղի վնասվածքի պատճառով, որը կարող է լինել հղիության ընթացքում կամ ծնվելուց անմիջապես հետո: Շատ դեպքերում ոչ ոք չի կարող նշել ուղեղի վնասման իրական պատճառները կամ ինչ պետք է անել այն կանխելու համար: Ռիսկի գործոններից են վաղաժամ և դժվար ծննդաբերությունը, ցածր քաշը: Բժիշկները պետք է հատկապես ուշադիր լինեն այս երեխաների նկատմամբ: Կյանքի առաջին ամիսներին կամ տարիներին ուղեղային կաթվածի առաջացման պատճառ կարող են լինել նաև գլխի վնասվածքը կամ ուղեղի ինֆեկցիաները, ինչպիսին են բակտերիալ մենինգիտը կամ վիրուսային էնցեֆալիտը:

Նախկինում բժիշկները կարծում էին, որ ծննդաբերության ընթացքում ՄՈՒԿ-ը առաջանում է թթվածնային քաղցի պատճառով, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ քիչ դեպքերում է այն հանգեցրել ուղեղի վնասվածքի:

ՄՈՒԿ-ը ժառանգական չէ և չի փոխանցվում սերնդեսերունդ: Ամբողջ աշխարհում ծնված 1000 երեխաներից 2-ը կարող են ՄՈՒԿ ունենալ: Չնայած բժշկական տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը՝ ՄՈՒԿ-ով երեխաների թիվը վերջին 30 տարիներին մնում է անփոփոխ, մասամբ որովհետև ծանր վաղաժամ նորածիններն ապրում են նորագույն վերակենդանացման բաժանմունքներում:

ՄՈՒԿ-ի նշաններն ի հայտ են գալիս մինչև 3 տարեկանը: Սովորաբար ծնողները նշում են, որ իրենց երեխան զարգացման խնդիր ունի: ՄՈՒԿ ունեցող նորածիններն ուշ են սովորում գլորվել, սողալ, նստել, ժպտալ կամ քայլել:

ՄՈՒԿ-ն ախտորոշվում է մարդու զարգացման և բժշկական զննման հիման վրա: Դանդաղ զարգացումը, մկանների լարման աստիճանը (տոնուս) և անսովոր դիրքը մատնանշում են ՄՈՒԿ: Բժիշկները պետք է որոշեն՝ արդյոք գնալով վատանու՞մ է երեխայի վիճակը, թե՞ ոչ: Եթե այո, ապա դա ՄՈՒԿ չէ, քանի որ այն հարաճուն կամ զարգացող հիվանդություն չէ:

Հաշմանդամության այս տեսակն ունեցող երեխաների համար պետք է վերականգնողական բուժում ապահովել: Կախված դժվարության աստիճանից` նրանք կարող են քայլակի, սայլակի կարիք ունենալ: Անհրաժեշտ է աշխատել նրանց մոտորիկայի, խոսքի զարգացման և ֆիզիկական ակտիվության վրա:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.