accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Սոֆյա Հովսեփյան

Սովորելու դժվարություն ունեցող երեխաների սեռական դաստիարակությունը

0

Աուտիզմը ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը կարող է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության և կրկնվող վարքագծի տարբեր աստիճանների դժվարությունների հանգեցնել:

Դժվար սկիզբ է, երբ աշխարհ է գալիս մտավոր խնդիրներ ունեցող երեխա: Ծնողներին տրվում է բարդ ճանապարհ. նրանք պետք է կառուցեն երեխայի կենսակերպը, որը կարող է լինել «փորձի ու սխալի» մեթոդով: Ծնողների մոտ մի շարք հարցեր են ծնվում` «Ինչո՞ւ այս ամենը կատարվեց մեր երեխայի հետ, ի՞նչ անել, ինչպե՞ս հաղթահարել» և այլն: Նրանք սկսում են պայքարել` ճանապարհ գտնելու այս խնդիրների լուծման համար: Այս պարագայում երկրորդային պլան է մղվում երեխայի սեռը մինչև այն պահը, երբ ծնողը նկատում է, որ փոքրիկը ձեռք է տալիս իր սեռական օրգանին: Այս դեպքում ծնողներին սկսում են տանջել այլ հարցեր. «Արդյոք ինչ-որ բան այնպես չի՞ արել», «Արդյո՞ք երեխան ունի սեռական խաթարում»:

Իրականում այս ամենը բնականոն զարգացում է, երեխայի մտավոր կարիքը կամ խնդիրը չի կարող կասեցնել սեռական հասունացումը: Բոլոր երեխաներն էլ իրենց տարիքին համընթաց անցնում են նման ճանապարհ, ուստի մնում է իմանալ մի քանի կանոն, որպեսզի այս ճանապարհի ընթացքն առավել հարթ անցնի: Մեզ համար գաղտնիք չէ, որ մտավոր խնդիրներ ունեցող փոքրիկը ավելի դանդաղ է սովորում, որն էլ պայմանավորված է նրանով, որ նրանք հաճախ ունենում են շփման և խոսքի դժվարություններ, երբեն էլ շփվում են ուղղակի պատկերներով: Այս պարագայում երեխաները ավելի քիչ են հարցեր տալիս նաև սեռականության մասին: Կարևոր է հիշել մի քանի կանոն:

1) Միշտ ընդգծեք երեխայի սեռը` հագուստի և զարգացնող խաղերի միջոցով:

2) Անվանեք մարմնի ինտիմ մասերը իրական անուններով (հաճախ ծնողները օգտագործում են այլընտրանքային բառեր` կոչելու երեխայի սեռական օրգանները այնքան ժամանակ, մինչև երեխան մեծանալով ճանաչում է իրական անունը: Մտավոր խնդիրներ ունեցող երեխայի դեպքում այս անցումը իրական ճանաչողությանը բարդ է, դրանից ելնելով` անհրաժեշտ է ի սկզբանե ճիշտ անվանել, որպեսզի սեռահասուն տարիքում երեխան չշարունակի անվանել «թռչուն» կամ «փիսիկ»):

3) Վաղ տարիքում սովորեցրեք երեխային «ամոթի» զգացումը: Մտավոր խնդիրներ ունեցող երեխաները հաճախ դժվարանում են տարբերակել տան ազատ միջավայրը դպրոցի կամ մանկապարտեզի միջավայրից, օրինակ` անհրաժեշտ է երեխային սովորեցնել, որ բոլոր վայրերում զուգարանից օգտվելուց հետո անհրաժեշտ է հագուստը կարգի բերել, նոր դուրս գալ: Նրանք հաճախ չեն տարբերում, որ տանը կարելի է առավել ազատ լինել, քան մանկապարտեզում, ուստի անհրաժեշտ է պահանջել միևնույն վարքագիծը նաև տանը, երբ մենակ եք:

4) Թույլ տվեք ձեր երեխային ճանաչելու սեփական մարմինը և խուճապի չմատնվեք, երբ երեխան դիպչի մարմնի մասերին: Հաճախ երեխաները հպվում են մարմնի տարբեր մասերին, այդ թվում նաև` սեռական օրգաններին և հաճույք են ստանում: Սա երեխայի զարգացման վարքային առանձնահատկությունն է, որը դրսևորվում է նաև սովորելու դժվարություն ունեցող երեխաների դեպքում:

Շատերի մեջ հարց է առաջանում. արդյոք սա՞ էլ է համարվում սովորելու դժվարության ախտանշան, թե՞ սա գերսեռականություն է: Ամենևին: Երեխաների մեծ մասը դիպչում է իր սեռական օրգանին այն պատճառով, որ հայտնաբերել է դրա հաճելի լինելը, և եթե ծնողները չպատժեն երեխային, այլ խելամտորեն շեղեն երեխայի ուշադրությունը, այս վարքը կվերանա:

Կարևոր է ուշադրություն դարձնել նաև մեկ այլ հանգամանքի, որ հաճախ մտավոր խնդիրներ, աուտիզմ ունեցող երեխաների մոտ նկատվում են զգայական դժվարություններ, և, ելնելով դրանից, նրանք ձգտում են խուսափել ավելորդ լարվածություններից կամ ապրում են զգայական դեֆիցիտ, կարող են փնտրել սուր զգացողություններ, ինչպիսին է, օրինակ` անդադար ձեռնաշարժությունը: Նման դեպքերում անհրաժեշտ է, որ երեխան ստանա ողջ մարմնի համար խթանում, ինչպիսիք են տարաբնույթ մերսումները, մարմնամարզությունը և այլն: Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն երեխայի հագուստի հարմարավետությանը, քանզի առավել պիրկ հագուստները՝ ներքնազգեստ, տաբատ և այլն, նույնպես կարող են հաճելի զգացողությունների առաջացման պատճառ դառնալ:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.