accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Լաուրա Մովսիսյան

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԱՑԻՈՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

ՄՈՒԿ-ի երկրորդային բարդությունների նվազեցման կարևորության մասին

0

Մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) ունեցող երեխաների ծնողները պետք է հիշեն, որ բժիշկներն իրենց երեխաներին չեն բուժում՝ պարզապես հետևում են, որպեսզի հետագա երկրորդային բարդություններից հնարավորինս խուսափեն: Բանն այն է, որ ՄՈՒԿ-ն առաջանում է ներարգանդային շրջանում, ծննդաբերության ժամանակ ու հետագայում որևէ բան անել հնարավոր չէ: Բժիշկները կարող են նվազեցնել հաշմանդամության արտահայտվածությունն ու նպաստել երեխայի կայուն վիճակի պահպանմանը:

Նախ պետք է հասկանալ` երեխան ռիսկի խմբո՞ւմ է, թե՞ արդեն ՄՈՒԿ ունի: Ռիսկի խմբում են այն երեխաները, որոնք մինչև մեկ տարեկանը, օրինակ` նստելիս գլուխը միջին գծով ուղիղ չեն պահում, փոխարենը մեծ մասամբ մի կողմի վրա են պահում, կամ մի ձեռքը մյուսից պասիվ է պահում: Վերականգնողական վարժությունների միջոցով մասնագետներն օգնում են, որ երեխայի մոտ պաթոլոգիա չզարգանա:

Ծնողները նման նշաններ նկատելիս նախ պետք է դիմեն իրենց ընտանեկան բժշկին, որի տված ուղեգրի միջոցով արդեն կկարողանան համապատասխան մասնագետի ծառայություններին դիմել:

Շատ դեպքերում, երբ երեխայի մոտ թեթև բարդություններ են լինում, բժիշկները սովորեցնում ենք ծնողներին ինչ վարժություններ անել, ինչպես գրկել երեխային, որպեսզի ավելի չվնասի: Պետք է նշել, որ երեխային գրկելու ճիշտ և սխալ տարբերակներ կան: Մենք ծնողներին խորհուրդ ենք տալիս երեխային գրկելու փոխարեն նրանց կենգուրուի մեջ դնել: Եթե այդ տարիքն անցնում է, ապա երեխային պետք է այնպես գրկել, որ նա հենվի գրկողի կոնքին՝ բացված ոտքերով: Սրա նպատակը աճուկային հատվածի մկանների կարճացման հավանականության կանխումն է:

ՄՈՒԿ-ի զարգացման ռիսկային խմբի երեխաներին վերականգնողական բուժում նշանակելու նպատակը նրանց փուլային զարգացման խթանումն ու երկրորդային բարդությունների կանխարգելումն է: Երեխայի աճին զուգահեռ երկրորդային տարբեր խնդիրներ են զարգանում, և խնդիրը դրանք կանխելն է: Երկրորդային բարդությունների թվում է երեխայի կեցվածքի սխալ զարգացումը, որն ինքնըստինքյան արդեն կարող է առաջացնել ողնաշարի, ներքին օրգանների խնդիրներ:

Շատ կարևոր մի հանգամանք էլ կա, որ ծնողները պետք է հիշեն: Եթե երեխան 7 ամսական է ծնվել, հնարավոր է` 5 ամսականում չանի այն, ինչ անում են իր հասակակիցները, որովհետև շուտ է ծնվել ու դեռ պետք է զարգանա` լրացնելով բացը: Սակայն եթե 2 ամսից ավելի հետ է մնում իր հասակակիցներից, դա արդեն անհանգստանալու տեղիք պետք է տա: Նշենք նաև, որ այս նրբությունը պետք է հաշվի առնել մինչև 1 տարեկանը, դրանից հետո երեխան պետք է զարգանա 9 ամսական ծնված երեխաների պես:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.